Հայ-թուրքական սահմանի բացումը չի նպաստի, այլ կոչնչացնի մեր տնտեսությունը. Դավիթ Անանյան

Դավիթ Անանյան. Արխիվային լուսանկար
Դավիթ Անանյանը կարծում է, որ ՀՀ-ն այնքան ուժեղ չէ, որպեսզի վերահսկի թուրքական ապրանքների վաճառքը Հայաստանում, ուստի հենց Թուրքիան է այդ գործընթացի վերահսկողը լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայ-թուրքական սահմանը բացելուց հետո ցածր արժեքով թուրքական ապրանքները կսփռվեն ՀՀ շուկայում, և Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների ևս մի շուկա։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նշենք, որ նա Ազատության հրապարակ էր այցելել, ինչպես ինքն ասաց, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին բարևելու և իր աջակցությունը հայտնելու։
Ապրիլի 17-ին Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։

«Եթե երկրի տնտեսական քաղաքականություն վարողները տեսնում են, որ մենք պետք է ապրանքներ արտահանող երկիր կառուցենք, ապա հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի նպաստի (մեր տնտեսության զարգացմանը- խմբ.), այլ նաև կոչնչացնի մեր տնտեսությունը։ Իսկ եթե մեր երկրի ապագան տեսնում են զուտ առևտրի մեջ շփումներում, ապա կարելի է սահմանը բացել, սակայն այդ դեպքում պետք է մոռանալ ազգային արտադրություն և արդյունաբերություն ունենալու մասին»,- ասաց Անանյանը։

Նրա խոսքով` Հայաստանը տնտեսական կախվածության մեջ կլինի Թուրքիայից, քանի որ Թուրքիան կարող է հեշտությամբ արտաքին առևտրի ոլորտը կառավարել։ Անանյանը նշեց` ՀՀ-ն այնքան ուժեղ չէ, որպեսզի վերահսկի թուրքական ապրանքների վաճառքը մեր երկրում, ուստի հենց Թուրքիան է այդ գործընթացի վերահսկողը լինելու։
«Իրավիճակը ծայրահեղ է». 44-օրյայի մասնակից երկու երիտասարդներ միացել են Վանեցյանին