Գիտաժողով, ցուցադրություններ. Մարությանը նշեց` ապրիլքսանչորսյան ինչ միջոցառումներ կլինեն

Հարություն Մարության. Արխիվային լուսանկար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշում է, որ մի շարք միջոցառումներ են նախատեսված հերթական տարելիցին նվիրված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում բազմաթիվ օտարերկրյա պատվիրակություններ, որոնք նաև թանգարան են այցելում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Տեղյակ ենք, որ այս տարի ապրիլի 24-ին Հայաստան–Իսրայել, Հայաստան-Սիրիա խորհրդարական բարեկամական խմբից ներկայացուցիչներ կլինեն, Նիդեռլանդների նախարարներից մեկը և Ֆրանկոֆոնիա կազմակերպության ներկայացուցիչը։ Որպես կանոն` նախօրեին ԱԳՆ–ից գրություն ենք ստանում այցերի մասին»,–ասաց Մարությանը։
Ինչ վերաբերում է մոտակա ժամանակներում կազմակերպվող միջացառումներին` Մարությանը նշեց, որ ապրիլի 20-22-ը տեղի կունենան «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողով, որն իր տեսակի մեջ բացառիկ է։Զեկուցողներ կլինեն նաև ԱՄՆ–ից, Կամբոջայից, Իսրայելից, Լիբանանից։
Ապրիլի 20-ին, ժամը 10։15 թանգարան–ինստիտուտում կբացվի «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությունը։ Մարությանը հայտնեց, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը կրթական համակարգի տեսքով ահռելի ժառանգություն է թողել։
Ապրիլի 23-ին, ժամը 12-ին «Անապատը, մահվան քայլերթ» խորագրով ֆրանսիահայ նկարիչ Ժան-Պիեր Սեֆերյանի փորագրանկարների, գրաֆիկական նկարների ցուցադրությունն է բացվելու։ Նկարներում պատկերված են Դեր-Զորի անապատ տանող ճանապարհը
Ապրիլի 29-ին, ժամը 11-ին էլ կբացվի «Հայկական սարսափները հոլանդացիների աչքերով» ցուցադրությունը։