ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ձերբակալվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` 27-ամյա Շանթ Բագրատյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկացմամբ` նա կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում այս դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով, և հենց այդ գործի շրջանակում է ձերբակալվել պատգամավորի որդին։
Շանթ Բագրատյանը «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Շանթ Բագրատյանի նկատմամբ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի որպես խափանման միջոց։
Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 2-ին` ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու` ծեծի ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Կայքի տեղեկություններով` Վահե Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: