Դեպի Իրան «Հյուսիս-հարավ» միջանցքի նշանակությունը կարող է աճել․ ԵՏՀ նախարար

ԵԱՏՄ-ն և Իրանն ուզում են բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին մշտական համաձայնագրի ստորագրման շուրջ՝ ժամանակավոր համաձայնագրի փոխարեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանի ուղղությամբ «Հյուսիս-հարավ» միջանցքի նշանակությունը կարող է աճել։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նա հիշեցրեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանի տարածքով Իրանի ուղղությամբ ընդլայնվում է։
Ինչ վերաբերում է իրավական ենթակառուցվածքին, ապա ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև արդեն գործում է ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիր, որի հիման վրա քննարկվում է մշտական նախագիծ ստեղծելու հարցը: Միայն անցյալ տարի ԵԱՏՄ երկրների և Իրանի փոխադարձ առևտուրն աճել է 70 տոկոսով, ընդ որում, արտահանումը ԵԱՏՄ երկրներից՝ 107 տոկոսով։
Նշենք, որ առևտուրը հիմնականում ավելացել է ռուս-իրանական կապերի հաշվին։ Ռուսաստանն ու Իրանը միմյանց ագրոարդյունաբերական ապրանքներ են վաճառում։ Ռուսաստանից արտահանվում են հացահատիկ և արևածաղկի ձեթ (Իրանը մնում է Ռուսաստանի խոշորագույն գնորդներից մեկը)։ Իրանից արտահանվում է բանջարեղեն, մրգեր և ընկուզեղեն։
«Բացի այդ, մենք շարունակում ենք քննարկել Հնդկաստանի հետ առևտրային ընթացակարգերի պարզեցումը։ Նման բանակցություններ ենք վարում Ինդոնեզիայի, Եգիպտոսի, Արաբական Էմիրությունների հետ», - ավելացրեց Սլեպնևը։
Նշենք, որ Իրանի հետ Հայաստանի առևտուրը գրեթե չի աճել, քանի որ Հայաստանը մրգերն ու բանջարեղենը մեծ մասամբ ինքն է ապահովում, իսկ Հայաստանից (ինչպես և այլ երկրներից) ներմուծման համար Իրանը շարունակում է ընթացակարգային սահմանափակումներ դնել: Հայաստանից Իրան արտահանումը 2021 թվականին ոչ միայն չի աճել, այլև գրեթե 25 տոկոսով կրճատվել է։
Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար
Նշենք, որ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը ենթադրում է մի քանի հարյուր ապրանքների մաքսատուրքերի նվազում: Հայաստանի համար հեռանկարային ապրանքների թվում են ոչխարի միսը, հանքային ջրերը, շոկոլադը, ընդհանրապես քաղցրավենիքը և տեքստիլը։ Բացի այդ, պարզեցվել են ոսկերչական իրերի ներմուծման պահանջները։