ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրաքում Թուրքիայի հատուկ գործողությունը կտևի մի քանի ամիս, նպատակը սահմանամերձ հատվածում Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերի ջախջախումն է։ RT–ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ՊՆ–ն Իրաքի հյուսիսային հատվածում ռազմական նոր գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ` ներգրավելով հատուկ նշանակության զորքերն ու ռազմաօդային ուժերը։
Բաղդասարովը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևը գործում է Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում, այդ թվում` Թուրքիայում։
«Հիմնական ուժերը կենտրոնացած են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում։ Իրաքյան շտաբները նույնպես հյուսիսային հատվածում են գտնվում` հենց այնտեղ, որտեղ այսօր հատուկ գործողություն է իրականացնում Անկարան», – ասել է Բաղդասարովը։
Ինչպես նշել է քաղաքագետը, ԱՄՆ–ն բավական ճկուն դիրքորոշում ունի քրդերին օգնելու հարցում։ Միաժամանակ նա կարծում է, որ Արևմուտքը կարող է չարձագանքել հակամարտությանը։
«Հնարավոր է` միայն խորհրդանշական քննադատություն լինի։ Դա էլ` լավագույն դեպքում», – կարծում է Բաղդասարովը։
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից ի վեր երկրի ներսում ՔԱԿ-ի 6 հազար, իսկ երկրից դուրս 6,9 հազար անդամ է ոչնչացվել. Թուրքիայի ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ: