ԱՄՆ-ն հավատարիմ է ՄԽ շրջանակում ստանձնած մանդատին. ԱԽ քարտուղարն ընդունել է Շոֆերին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար:
Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իր ստանձնած մանդատին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ:
Ավելի վաղ Շոֆերին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ ղարաբաղյան հարցով շփվելուց, հետևաբար կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։