«Ամբողջ մարդկությանը կհերիքի»․ ԱՄՆ-ում բացահայտել են Աֆղանստանի պատերազմի արժեքը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik, Սերգեյ Անդրեև. Աֆղանական արշավն ամերիկացիներին հանգիստ չի տալիս․ երկրում վիճում են 20-ամյա պատերազմի գնի մասին։ Անկախ հետազոտողները թվեր են բարձրաձայնում, որոնք մի քանի անգամ մեծ են Պենտագոնի հայտարարած թվերից։ Այն մասին, թե ինչ արժե պատերազմը ժամանակակից աշխարհում՝ կարդացեք հոդվածում։

«Օրական մեկ միլիարդ»

2009թ․-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտքով անցավ ավելացնել զորակազմն Աֆղանստանում։ Նրան առարկեցին․ պատերազմելը շատ թանկ է։
Սկսեցին հաշվել թե՛ Պենտագոնում, թե՛ սենատորները։ Իհարկե, տարբեր արդյունքներ ստացվեցին․ ռազմական գերատեսչությունը յոթ տարվա ծախսերը գնահատեց 156 միլիարդ դոլար, խորհրդարանականները՝ 227։
Ներգրավեցին փորձագետների։ Վերլուծաբանները նոր մեթոդ առաջարկեցին․ գնահատել, թե որքան է արժենում մեկ զինվորին կես տարի պահելը։ Հաշվեցին աշխատավարձը, սնունդը, սարքավորումները, լոգիստիկան, այդ թվում՝ օդով ովկիանոսի մյուս կողմ տեղափոխելը։ Բժշկական ծառայությունները, ապահովագրական վճարները (զոհվելու կամ վիրավորվելու դեպքում), ինչպես նաև զորացրվելուց հետո տրամադրվող թոշակը հաշվի մեջ չկար։
«Գողերի պահվածք է». ինչո՞ւ է ԱՄՆ-ն վերցրել Աֆղանստանի բաժին գումարը
Արդյունքում մեկ միլիոն դոլար` մեկ մարդու համար։ Այդ ժամանակ Աֆղանստանում մոտ 70 հազար ամերիկացի զինծառայող կար։
Ամեն դեպքում, հասարակական բանավեճը Սպիտակ տանը չխանգարեց պատերազմ ուղարկել ևս 35 հազար մարտիկի (հինգ հազար՝ յուրաքանչյուր եռամսյակում, ռոտացիայի շրջանակներում)։ Իսկ 2010-ին աֆղանական ճանապարհներին ամբողջ արշավի ընթացքում առաջին անգամ հայտնվեցին «Աբրամսները», ինչն է՛լ ավելի զայրացրեց սկեպտիկներին։
Բանն այն է, որ այդ տանկը ոչ միայն ամենաթանկն է (8,6 մլն դոլար՝ մեկ օրինակի համար), այլ նաև «ամենաշատակերը»։ Իսկ «Փոթորիկն անապատում» գործողության ժամանակ, օրինակ, մարտական տեխնիկան լիցքավորում էին յուրաքանչյուր հինգ ժամը մեկ։
«Ինչպես գիտենք` ցանկացած ռազմական արշավի ընթացքում միջոցների մեծ մասը ծախսվում է վառելիքի վրա։ Միջին մասշտաբի հակամարտություններում դա օրական մոտ մեկ միլիարդ է»,-նշում էր ռազմական վերլուծաբան Թիմ Հիբեթսը։

Ծախսերի հարցում առաջատարները

Տարիների ընթացքում բյուջետային ծախսերը միայն ավելանում էին։ Արշավը դոփում էր տեղում, հաջողություններ չկային, և ամերիկացիներն ավելի ու ավելի ժամանակակից զենք էին կիրառում։ Այսպես, 2017թ․-ին Քաբուլի երկնքում հայտնվեցին F-22 Raptor կործանիչները, յուրաքանչյուրը 339 միլիոն դոլար արժողությամբ։ Թռիչքի մեկ ժամը՝ 69 հազար։
Աֆղանական արշավի բոլոր 20 տարիների ընթացքում B-2 Spirit ռազմավարական «անտեսանելիները» գլխավոր հարվածային ուժն էին։ Դրանց մեկ ժամը օդում մինչև 170 հազար դոլար արժե։ Ռմբակոծիչն ինքնին մոտ երկու միլիար արժե։
Ամերիկացի լրագրողների կարծիքով՝ այդ բոլոր գները խիստ չափազանցված են։ Ամերիկյան պաշտպանական համալիրն առհասարակ չափազանց մեծ ախորժակ ունի։
«Որքան մեծ են Ռազմարդյունաբերական համալիրի ծախսերը, այնքան ցածր է պաշտպանունակությունը։ Որովհետև յուրաքանչյուր գնում թանկացնում է հաջորդը։ Մեկ F-35-ը հիմա հարյուր միլիոն է նստում (2020թ․-ին՝ 78,–ծնթ․,խմբ․) «Ֆորդ» ատոմային ավիակիրը՝ 15 միլիարդ, ընդ որում՝ առանց տախտակամածային ծածկի»,-պարզաբանում է Ատլանտյան խորհրդի ավագ խորհրդատու Հարլան Ուլմանը։
Իսկ «Սպիրիթների» արժեքը 15 տարվա ընթացքում երկու անգամ է ավելացել։ Զարմանալի չէ, որ պաշտպանական բյուջեն անդադար ուռչում է․ 2018թ․-ին 700 միլիարդ դոլար էր, հիմա՝ 740․
ԱՄՆ-ն արդեն տարիներ շարունակ առաջատար է ռազմական ծախսերի հարցում։ Երկրորդ տեղը գրավող Չինաստանի ծախսերը 2020-ին կազմում էին 252 միլիարդ (Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIRI) տվյալներով), Հնդկաստանինը՝ 72,9, Ռուսաստանինը՝ 61,7, Մեծ Բրիտանիայինը՝ 59,2 միլարդ։

«Ավելի թանկ միայն Երկորդ համաշխարհայինն էր»

Շատ փորձագետներ քննադատում են SIPRI-ի հաշվարկները, քանի որ հիմքում «անվտանգության ընդհանուր ծախսերն են», որոնք ներառում են նաև բանակի և, օրինակ, հատուկ ծառայությունների ծախսերը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բավականին դժվար է ընդհանուր թվից հանել այն, ինչ պետք է եղել Աֆղանստանի համար։
Պենտագոնի ներկայացուցիչները 2019թ.-ին խոսում էին 778 միլիարդ դոլարի մասին։ Սակայն այս թիվը չի ներառում, օրինակ, Պակիստանում ավիաբազաների ծախսերը, որոնք ամերիկացիներն ակտիվորեն ուսումնասիրում էին։ Այնտեղ չկային նաև լոգիստիկ ծախսերը, օրինակ՝ զինվորների տեղափոխումը «Հերկուլեսներով» (աշխարհի ամենաթանկ տրանսպորտային ինքնաթիռներն են) կամ վառելիքի մատակարարումը։ Չկա նաև գնաճից բխող շտկումը։
Այլընտրանքային տեղեկություններ է ներկայացրել Ուոթսոնի ինստիտուտը, որը հետազոտում է ռազմական հակամարտությունները ամբողջ աշխարհում։ Իրականում խոսքը տրիլիոնների մասին է։
«Եթե վերցնենք ԱՄՆ-ի բոլոր ռազմական գործողությունները 9/11-ի ահաբեկչություններից հետո, այն է՝ Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան, ապա գումարային արժեքը տրիլիոնների է հասնում։ Ավելի թանկ միայն Երկրորդ համաշխարհայինն է եղել»,-նշում են փորձագետները։
Բուն մարտական գործողությունների վրա ծախսել են գրեթե 2,3 տրիլիոն դոլար։ Եվս երեք տրիլիոնը «անուղղակի ծախսեր» են՝ կապված ինչպես «Ամերիկայի ներսում անվտանգության ամրապնդման», այնպես էլ գնաճի հետ։ Կես տրիլիոն՝ վետերանների բուժման և հոգեբանական վերականգնման համար: Գրեթե 2,5 տրիլիոն՝ մարտական գործողությունների մասնակիցներին:
Մենք չգիտեինք, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել. Աֆղանստանի վետերան
Նման վիճակագրությունը ցնցեց հանրությանը։ Իշխանություններից պահանջեցին հնարավորինս շատ տեղեկություններ հրապարակել ռազմական արշավների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Մասնավորապես, չնայած խոստումներին, Սպիտակ տունն այդպես էլ չի փակել ահաբեկիչների համար նախատեսված բանտերի ցանցը։ Նույն տխրահռչակ Գուանտանամոն, ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, լիարժեք գործում է և նախկինի պես հեռու է կողմնակի աչքերից:

«Կա՛մ փող, կա՛մ զոհեր»

Ընդհանուր առմամբ, աֆղանական պատերազմը յուրաքանչյուր ամերիկացու համար 20 հազար դոլար է արժեցել, եթե չհաշվենք լքված տեխնիկայի և զենքի կորուստները․ Պենտագոնը հապճեպ տարհանման ընթացքում թալիբներին մեծ քանակությամբ ժամանակակից սարքավորումներ է թողել։
Ընդ որում, տնտեսագետները բանավիճում են, թե արդյոք պատերազմելը թանկացել է։ Մի կողմից պետությունները ՀՆԱ-ի համեմատ ավելի քիչ գումար են ծախսում պաշտպանության վրա, իսկ մյուս կողմից՝ զենքի գինը տարեցտարի բարձրանում է։ 2019թ․-ին, Տնտեսության և խաղաղության ինստիտուտի (IEP) տվյալներով, զինված հակամարտությունների համար ծախսվող գլոբալ գումարը հասել է 14 տրիլիոն դոլարի։

«Եթե այդ գումարը բաժանենք երկրագնդի բնակիչների վրա, կստացվի ամեն մեկին` 5 դոլար։ Իսկ մարդկության 9 տոկոսն ապրում է օրական 1,9 դոլարով»,-նշում են հետազոտողները։

Ընդ որում, ռազմական արշավներից ստացվող շահն ավելի ու ավելի անորոշ է դառնում։ Դա հատկապես վառ արտահայտվեց Իրաքի և Աֆղանստանի դեպքերի արդյունքում․ Վաշինգտոնը, ըստ էության, ծախսերի նույնիսկ մեկ տասներորդը հետ չբերեց։
«Խնդիրը նաև այն է, որ մինչև հիմա անհասկանալի է` ինչպես հաշվել։ Այո, սպառազինությունը տարեցտարի ավելի թանկ է նստում բյուջեի վրա։ Բայց բարձր ճշգրտության մեկ հարվածը հարյուրավոր մարդկանց կյանք կպահպանի։ Նույնը վերաբերում է, օրինակ, մարտական կառավարման տեղեկատվական համակարգերին կամ ռոբոտատեխնիկային»,-բացատրում է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը։
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում
Այսօր, նրա խոսքով, ավելի ու ավելի շատ բանակներ են խաղադրույք անում նման մոտեցման վրա։ Ուստի, նշում է փորձագետը, «ավելի թանկ է դարձել հենց պատերազմը հաղթելը», ոչ թե «պարզապես ռազմական գործողություններ վարելը»։