ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը, հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում են ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։
Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան»,- նշված է հաղորդագրությունում։
Նախագահ Խաչատուրյանը բոլոր հայ ընտանիքներին մաղթել է քաջառողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք, համերաշխություն և ամենայն բարիք։
«Թող գարնան զարթոնքի այս տոնական օրը մեր հայրենակիցներին, համայն աշխարհասփյուռ հայությանը պարգևի բարօրություն, լավատեսություն, արևշատություն, ինչպես նաև անսպառ իմաստություն և անսասան վճռականություն՝ առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելիս, բոլորիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հայրենի երկիրը շենացնելու նվիրական գործում:
Եվ այսօր, ինչպեսև դարեր ի վեր, մենք սիրով, հույսով և հավատով կրկնում ենք
այս երջանկաբեր ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- գրված է նախագահի ուղերձում:
Հիշեցնենք, որ այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։