ՌԱԴԻՈ

ՌԴ-Արևմուտք հակամարտությունը տեղափոխվել է Հարավային Կովկաս. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և այդ համատեքստում գերտերությունների միջև Հարավային Կովկասում ընթացող մրցակցությանը։
Sputnik
Այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, ուկրաինական դեպքերի շարունակությունն է. Ռուսաստանի ու Արևմուտքի միջև մրցակցությունը տեղափոխվել է մեր տարածաշրջան, որի կենտրոնում հայտնվել է արցախյան հիմնախնդիրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ինչու է Արցախը հայտնվել ԵՄ–ի տեսադաշտում. քաղաքագետը նշում է Բրյուսելի դրդապատճառները
«Առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև երևացող հակամարտություն է սկսվել, որը պետք է դիտարկել ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Արցախյան խնդրի վերաբերյալ մոդերացիան իրականացնում է Ռուսաստանը, թեև արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական հենք, այսինքն` միայն հայերի ու ադրբեջանցիների միջև առաջացած վեճ չէ։ ԵՄ-ի միջնորդությամբ Բրուսելում խոսակցություն եղավ խաղաղության շուրջ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին, և ՀՀ վարչապետը հայտարարեց բովանդակության մեջ ներառված 5 կետերի մասին, որոնց համաձայն` Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում»,- ասաց քաղաքագետը։
Դանիելյանի դիտարկմամբ` վերոհիշյալ հինգ կետերի ամրագրումը ենթադրում է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը մեր տարածաշրջանում անիմաստ է, իսկ հաջորդ փուլում նաև ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունն է դառնում անիմաստ, իսկ դա, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ Արևմուտքը Հարավային Կովկաս մտնելով` կշարունակի իր ճանապարհը դեպի Միջին Ասիա, և դա առաջին հերթին կիրականացնի Թուրքիայի հովանու ներքո, ինչն անվտանգության լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի ու Իրանի, իսկ ավելի ուշ՝ նաև Չինաստանի համար։

«Ռուսական կողմը հայտարարեց, որ մոդերատորի դերակատարություն է ստանձնել Հարավային Կովկասում, մինչդեռ ԵՄ-ն ցանկանում է նրան դուրս մղել գործընթացից։ Ռուսատանը, սակայն, ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի կնքման համար դեռ երկար ժամանակ է հարկավոր»,- ասաց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` կա վտանգ, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը սրելու միջոցով Հայաստանի վարչապետը կարող է մեծ բախման պատճառ դառնալ, ինչպիսին այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, և այդ բախումը չի սահմանափակվելու Հայաստանով ու Ադրբեջանով. ներքաշվելու են ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, այսինքն` երկրորդ ճակատ բացելու գործընթաց է մեկնարկում։ Այս պարագայում ՀՀ իշխանության գործելակերպը պետք է լիներ ոչ թե իրադարձություններն արագացնելը, այլ սառեցնելը, պարզապես չնպաստելը նրան, որ ռուս-ուկրաինական տաք հակամարտությունը տեղափոխվեր Հարավային Կովկաս։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ ղարաբաղյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։