ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունն Արկտիկայում աճում է. ՌԴ ԱԳՆ

Սպիտակ արջ՝ բևեռային կայանի մոտ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը Արկտիկայի տարածքում ՆԱՏՕ-ի հետ ոչ կանխամտածված ռազմական բախումների ռիսկեր է տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մոսկվան մտահոգ է Արկտիկայում ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությամբ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Արկտիկայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովը։
«Վերջերս Նորվեգիայի հյուսիսում տեղի են ունեցել դաշինքի հերթական լայնածավալ զորավարժությունները, որոնք, մեր կարծիքով, չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- դիվանագետի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Բացի անվտանգության ռիսկերից, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ չկանխամտածված ռազմական բախումները նույնպես կարող են լուրջ վնաս հասցնել արկտիկական փխրուն էկոհամակարգին:

Փետրվարի կեսերին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ընդլայնում է Արկտիկայում իր զինվորականների ներկայությունն ու ձգտում է վիճարկել Ռուսաստանի իրավունքներն այդ տարածաշրջանում: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն արկտիկական ուղղությամբ ռազմական ներկայության ընդլայնում է նախատեսում՝ Բարենցի ծովում կառավարվող հրթիռային զենքով ամերիկյան էսկադրային ականակիրների տեղակայման միջոցով»:
Բացի այդ, ԱՄՆ-ն պատրաստվում է մինչև 2027 թվականը երեք նոր ծանր սառցահատ կառուցել։
Հունվարին նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Օրջոնիկիձեն հայտարարել էր, որ այդ տարածաշրջանի հավակնորդ երկրները շատ են, ու դրանք ոչ միայն ԱՄՆ- ն ու ՆԱՏՕ-ի գծով դրա դաշնակիցներն են, այլ նաև ոչ արկտիկական պետությունները: Նրա խոսքով՝ սեփական քաղաքական գիծը և տնտեսական շահերը կարևոր է հաստատել ուժային ներկայությամբ։