ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ԴԺՀ-ի զորքերը ոչնչացրել են ուկրաինացի զինվորների ու սպաների, այդ թվում՝ ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Բարանյուկին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ժողովրդական միլիցիան։
Նշվում է, որ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ուկրաինացի ծովային հետևակայինների խումբը փորձել է դուրս գալ Մարիուպոլի Իլյիչի անվան գործարանից: Ժողովրդական միլիցիայի ուժերը թույլ չեն տվել։
«Մարտի ընթացքում ոչնչացվել են մինչև 50 զինծառայողներ, որոնցից 5-ը բրիգադի ավագ սպաներ են, ևս 42-ը գերի է հանձնվել։ Սպանվածների թվում հայտնաբերվել են ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Անատոլիի Բարանյուկի դին, նրա անձնական իրերը և զենքը»,- նշված է Ժողովրդական միլիցիայի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատն ամբողջությամբ ազատվել է ուկրաինացի ազգայնականներից:
Միացյալ խմբավորումը մարտի 7-ին շրջափակել էր Մարիուպոլը, այդ ժամանակվանից քաղաքի մաքրում էր իրականացվում։ Դրա մեծ մասը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։
Այդ ընթացքում գերեվարվել է մոտ մեկուկես հազար գրոհային։ Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ազգային գումարտակների մնացած անդամները, ըստ ամենայնի, մտադիր են շարունակել դիմադրությունը, ուստի ենթակա են ոչնչացման:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։