ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Հունաստանի սահմանապահների և անօրինական միգրանտներ տեղափոխող թուրքական նավի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ներգաղթյալ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է «Կատիմերինի» թերթը։ Ըստ պարբերականի՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Սուֆլիից ոչ հեռու Էվրոս գետի վրա։
«Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ժամը 9-ից հետո։ Ընդ որում, հունական իշխանությունները հայտարարել են, որ պատասխանել են թուրքական կողմի կրակոցներին այն բանից հետո, երբ նախազգուշացրել էին Էվրոսով միգրանտներ տեղափոխող նավին չմոտենալ հունական ափին»,- գրում է պարբերականը։
Նշվում է, որ հույն սահմանապահների նախազգուշացումից հետո մոտորանավակը ոչ միայն չի փոխել ուղղությունը, այլև թուրքական կողմից կրակոցներ են սկսվել, ինչին հույները նույնկերպ են պատասխանել։
Արդյունքում Հունաստանի իշխանությունները հայտնաբերել և իրենց հետ են տարել ողջ մնացած 6 անօրինական ներգաղթյալի և մեկ սպանվածի։ «Կատիմերինիի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ զոհված ներգաղթյալը մոտ տարածությունից է հրազենային մահացու վիրավորում ստացել։
Հունական մեկ այլ պարբերականի՝ «Proto thema»-ի տեղեկություներով, սպանված ներգաղթյալը կին է։ Նրա վրա կրակել են 22 տրամաչափի ատրճանակից, հնարավոր է՝ դա արել են անօրինական փոխադրողները:
«22 տրամաչափի ատրճանակը չի օգտագործվում ո՛չ հունական, ո՛չ թուրքական կողմից, և, ինչպես պնդում են, կնոջը գնդակահարել է մաքսանենգը», - նշում է պարբերականը: Պարբերականը գրում է, որ հունական կողմի սահմանապահների ուղղությամբ կրակոցներն արձակվել են թուրքական կողմից, հնարավոր է՝ թուրք զինվորականների կողմից:
«Proto thema»-ն գրում է, որ ձերբակալվել են հինգ միգրանտներ, նրանք բոլորն աֆրիկյան ծագում ունեն, ամենայն հավանականությամբ՝ եթովպացիներ են։