ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Այսօր խոշորավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի մոտ, բախվել են «Mercedes» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ևս 5-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժկենտրոններ։ Վիրավորներից 2-ը հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ ՎԱԶ-2106-ը մինչ «Մերսեդեսին» բախվելը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Մերսեդեսին»: Կայքի հաղորդմամբ՝ «Լադա»-ի ուղևորները բախումից չեն տուժել և վիրավորներին առաջին օգնությունը հենց իրենք են ցուցաբերել։