ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Առանց տարիքային սահմանափակման, բայց կանոններով․ Գյումրիի Վարդանանաց հրապարակում համաժողովրդական հավկիթախաղ էր։
Այս տարի Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնը նշվեց մեծ տոնախմբությամբ՝ ժողովրդական երգ ու պար, հյուրասիրություն, տոնածիսական խաղեր։ Տոնի կարևոր խորհրդանիշներից է ներկված հավկիթը, իսկ ժողովրդական սովորույթներից ամենասիրելին էլ հավկիթախաղն է։ Այս անգամ Գյումրիի քաղաքապետարանը որոշել է համաժողովրդական հավկիթախաղ-մրցույթ անցկացնել, իսկ հաղթողին էլ պարգևատրել դեպի Երուսաղեմ ուղեգրով։
«Վստահ ենք, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են ազգային ոգու բարձրացմանը, քանի որ այսօր մենք ազգային ու ոգեղեն ամրության կարիքը շատ ենք զգում: քանի որ այս օրերին հավկիթախաղը բոլոր տներում կազմակերպվում է, մտածեցինք, որ ոչինչ մեզ չի խանգարում, եթե տոնը միասնաբար նշենք, և խաղը տեղափոխվի քաղաքի կենտրոնական հատված»,-Sputnik Արմենայի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Զատկական հավկիթախաղին մասնակցում էին մեծ ու փոքրով։ 256 մասնակիցից հաղթող ճանաչվեց 11-ամյա Վահան Ժամակոչյանը։ Հենց նրան կհանձնվի մրցույթի գլխավոր մրցանակը։
Խաղի ավարտին համերգային ծրագրով հանդես եկավ Ethno colors bandը:
Ի դեպ, հավկիթային մենամարտ անցկացրեցին նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Հաղթանակը մարզպետինն էր։