Արցախի ներկա և նախկին նախագահները Ամարասում մասնակցել են Սուրբ Հարության պատարագին

Արցախի թեմի առաջնորդը շեշտել է, որ Ամարասը միշտ ուխտատեղի է եղել իշխանական վերնախավի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն Ամարասում ներկա են գտնվել Սուրբ Հարության պատարագին։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։ Լրատվամիջոցի հրապարակած լուսանկարում երևում է, որ նախագահները միասին են քայլում վանական համալիրի տարածքում։
Սուրբ Զատկի տոնին Ամարասի վանքում Պատարագ է մատուցվել (17 ապրիլի, 2022թ). Արցախ
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսը նշել է, որ Ամարասը պատմության ընթացքում կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։
«Գրիգոր Լուսավորչը, իր տեսիլքի մի փոքրիկ մասնիկ իր հոգում ծրարած, եկել է այս հովիտը և կառուցել Ամարասի պատմական վանքը։ Սովորական վայր չէ այս վայրը, և դա զգացել ու գնահատել են մեր բոլոր թագավորները, իշխանները, և, Վաչագան Բարեպաշտ թագավորից սկսած, ուխտատեղի է մեր իշխանական վերնախավի համար, որովհետև զգացել են նրա կարևորությունը՝ ոչ միայն հոգևոր անվտանգության տեսանկյունից, այլ նաև՝ ֆիզիկական»,-ասել է նա։
Սուրբ Զատկի տոնին Ամարասի վանքում Պատարագ է մատուցվել (17 ապրիլի, 2022թ). Արցախ
Հավելենք, որ պատարագին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, եկեղեցու բազմաթիվ հավատավորներ։