1 օրում՝ 3 բացառիկ վիրահատություն․Երևանի քաղաքապետը պարգևատրել է ՌԴ-ից ժամանած պրոֆեսորին

Անվանի բժիշկն իր ներդրումն է ունեցել տասնյակ հայ երեխաների փրկության գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Անվանի ռուս բժիշկ, մանկական վիրաբույժ Ալեքսանդր Ռազումովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
«Տասնյակ հայ երեխաների փրկության, ինչպես նաև բժշկական մեծ ավանդի համար Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, Ռուսաստանի Ն. Պիրոգովի անվան բժշկական համալսարանի մանկական կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ռազումովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով»,- գրել է Սիմոնյանը։
Քաղաքապետի շնորհակալագիրը պրոֆեսորին է հանձնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
Նշենք, որ Հայաստանում գտնվող պրոֆեսորը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հետ միասին մեկ օրում երեք բացառիկ վիրահատություն է կատարել։