Թուրքիան Հայաստանի նկատմամբ անգամ ամենափոքր, ամենասիմվոլիկ դրական քայլերի պատրաստ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա` ՀՀ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ վերջին շրջանում անընդհատ խոսում են թուրքական ինչ-որ դրական մեսիջների մասին, իսկ արտգործնախարարության խոսնակի պարզաբանումը ցույց է տալիս, որ դրանք ուղղակի գոյություն չունեն։
«Որովհետև Թուրքիան առաջին հերթին շարունակում է նախապայմանների վրա հենված իր քաղաքականությունը, երկրորդ` Անկարան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է Արցախի խնդրի ադրբեջանանպաստ լուծմամբ, և երրորդ` թուրքական կողմն իրականացնում է իմիտացիոն քայլեր` ուղղակի հայտարարելով, որ իբր դրական քայլեր է անում»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ ակնհայտորեն ի ցույց է դրվում թուրքական կողմի ապակառուցողական ոճը, որին Հայաստանը բախվել է երեսուն տարի, բայց նախկինում Թուրքիայի քայլերը երբեք չի անվանել դրական մեսիջներ։
«Հենց միան դիվանագիտական անձնագրերով մարդկանց Թուրքիա մուտքի ապահովումից և այդպիսի անձնագրեր ունեցող մարդկանց նկատմամբ սահմանային ռեժիմի այլ ոճի կիրառումից հրաժարվելը վկայում է, որ Թուրքիան անգամ ամենափոքր, ամենասիմվոլիկ դրական քայլերի պատրաստ չէ, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Թուրքիան, դիցուք, ներկայացնում է Երևան-Ստամբուլ ինքնաթիռի ավիաթռիչքը որպես դրական քայլ, մինչդեռ այդ չվերթը գործում է տարիներ շարունակ»,- նշեց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով` Անկարայի վերաբերմունքը հայ–թուրքական հարաբերությունների հարցում չի փոխվել, և այդ մասին մասնագետների գնահատականները միանգամայն ճիշտ էին, իսկ ՀՀ իշխանությունների մոտեցումները` սխալ։
Ըստ նրա` փորձը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծելու ՀՀ առաջարկը կյանքի չի կոչվում, Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել և նախորդ հայ-թուրքական հարաբերությունների նախորդ փուլերը արձանագրել են ընդամենը մասնակի հաջողություններ, երբ կողմերը փորձել են մոտենալ հանգուցալուծման, սակայն միշտ թուրքական կողմի ապակառուցողական քայլերի հետևանքով գործընթացը չի հասել վերջնական հանգուցալուծման։
Մելքոնյանի գնահատմամբ` միակ փոփոխությունը ՀՀ իշխանությունների ընկալումների մեջ է։ Եթե նախկին ղեկավարները գիտակցում էին, որ թուրքական նախապայմաններն օրակարգում են, և փորձում էին դրանք տարբեր մեթոդներով շրջանցել, ապա գործող իշխանությունն ամեն ինչին նայում է վարդագույն ակնոցներով և անտեսում է մասնագետների զգուշացումները` շարունակելով իր սխալ քաղաքականությունը։
Նշենք` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ անգամ` փետրվարի 24-ին Վիեննայում։ Երրորդ հանդիպումը նույնպես Վիեննայում է լինելու, օրը դեռ հայտնի չէ։