Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան. ՊՆ

ՀՀ ՊՆ
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան. Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտ ադրբեջանական դիրքեր չկան, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Մարտի 17-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինծառայողները ոչ թե երեք ուղղությամբ են ներխուժել Հայաստանի տարածք (Վարդենիս համայնք, Իշխանասար և Ներքին Հանդ), այլ 4։ Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված։
Ապրիլի 11-ին Թաթոյանը հրապարակեց Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերի ինտերակտիվ քարտեզը, որում նշված էր նաև Ծավ գյուղի տարածքը։

«Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան»,- հայտնում են ՊՆ-ից։

Հարցին, թե ինչո՞ւ ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Ներքին Հանդի հատվածում ներխուժման մասին չէր տեղեկացրել 2021 թվականին, գերատեսչությունից պատասխանել են, որ ՊՆ-ն սահմանված կարգով համապատասխան գերատեսչություններին իրազեկում է սահմանային իրադրության վերաբերյալ։
Ավելին` ՊՆ-ն պնդում է, որ Ներքին Հանդի և ՀՀ սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակչությունը դեռևս 2020թ. նոյեմբերից զգուշացվել է հնարավոր բոլոր վտանգների մասին։
Ներքին Հանդ գյուղում տիրող իրավիճակի մասին կարդացեք մեր նյութում։