ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը պատասխանել է Լոնդոնի պատժամիջոցներին և «սև ցուցակում» ներառել բրիտանական կառավարության առանցքային անդամների անուններ, այդ թվում` երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի և արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Մեծ Բրիտանիայի կառավարության աննախադեպ թշնամական գործողությունների առնչությամբ, որոնք մասնավորապես արտահայտվել են ՌԴ բարձրագույն պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, որոշվել է ՌԴ «սև ցուցակում» ներառել բրիտանական կառավարության առանցքային անդամների ու մի շարք քաղաքական գործիչների անուններ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ներկայացված է Մեծ Բրիտանիայի այն հպատակների ցանկը, որոնց մուտքը ՌԴ այսուհետ փակ կլինի։ Մուտքի արգելքը վերաբերում է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբին, ֆինանսների նախարար Ռիշի Սունակին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Պրիտի Պատելին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։