ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Դրանցից մեկը պետք է վերաբերի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, մյուսը` ՌԴ-ի հետ հարաբերություններին»,- նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Страна.ua»-ին։
Ըստ Զելենսկու` Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամություն են դրսևորում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իտալիան և Թուրքիան, սակայն ոչ ոք դեռ վերջնական պատասխան չի տվել։
Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան զենքի մատակարարման կամ երաշխավորների կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խնդիր չի ունենա, բայց «ռազմական բաղադրիչի» վերաբերյալ հարցեր կլինեն։
Լրատվամիջոցը եզրակացնում է, որ պոտենցիալ երաշխավորները պատրաստ չեն ստորագրել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կողմից պատերազմի մեջ մտնելու պարտավորության տակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։