ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը ժամը 00:30-ից 73 օրով կանգնեցվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։
Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում իրականացվելու են հետևյալ հիմնական աշխատանքները՝
ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերբեռնմամբ,
թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում,
թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում,
տուրբագեներատորների միջին վերանորոգում:
Նշվում է, որ պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:
Նախատեսվող աշխատանքներում ներգրավված են ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցները, Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետները, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:
Գործընթացում դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին: