ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երբ 1978 թվականին նշում էին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու 150-ամյակը, Կարեն Դեմիրճյանը հաստատեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան ստեղծելու որոշումը։ Որոշվեց, որ թանգարանը կբացվի Աբովյանում` որպես Հայաստանի ամենաերիտասարդ քաղաք։
Դրանից առաջ քաղաքում տեղադրել էին Սարգիս Բաղդասարյանի հեղինակած՝ հայ և ռուս զինվորների հուշարձանը, որից հետո ծնվեց թանգարան բացելու գաղափարը։
«Երկու ժողովուրդները դարերի ընթացքում այնպիսի ճանապարհ են անցել միասին, այնքան արժեքներ կուտակել, որ դրանք պետք էր պահպանել և փոխանցել սերունդներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը։
Թանգարանը պաշտոնապես բացվեց 1982 թվականին, կարմիր ժապավենը կտրեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, տիեզերագնաց Վլադիմիր Ջանիբեկովը։ Նա հայկական արմատներ չունի (վերցրել է կնոջ ազգանունը, որը ևս հայ չէ), բայց Հայաստանի հանդեպ սերը դրանից չէր պակասել։ Շուրջ երկու տարի առաջ Սարյանի թանգարանում բացվեց նրա կտավների ցուցահանդեսը. Ջանիբեկովը նաև տաղանդավոր նկարիչ էր։
«Թանգարանի դուռն էլ տիեզերական մոտիվներով է արված։ Տեսե՛ք, թե ինչ կլոր իլյումինատոր ունի, ինչպես հայտնի երգում»,- ասում է Հակոբյանը։
Թանգարանի բացմանն ընդառաջ Հայաստանի քանդակագործներն ու նկարիչները մի քանի աշխատանք են ստեղծել։ Դրանցից մեկը Ալեքսանդր Գրիգորյանի «Երևանի բերդի գրավում» պատմական համայնապատկերն է, մյուսը` դպրոցական դասագրքերից հայտնի Սեդրակ Առաքելյանի հեղինակած՝ Խաչատուր Աբովյանի դիմանկարը։
Խորհրդային Միության ժողովուրդների բարեկամությունը ներկայացնող կտավը ժամանակի ոգով է ստեղծվել։ Երեկ թանգարանում բացվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» ժամանակավոր ցուցահանդեսը, որում զետեղված են Հայաստանում ապրող՝ պատերազմի վերջին վետերանների լուսանկարները։
Երևանում Ռուսական տան աջակցությամբ լուսանկարել են այն վետերաններին, որոնք՝ հուրախություն մեզ, դեռ ապրում են Հայաստանում։ Հակոբյանի խոսքով` ցուցահանդեսի մեկնարկի օրը պատահական չի ընտրվել. ապրիլի 15-ին Ստալինը ստորագրեց Բեռլինի գրավման օպերացիան սկսելու մասին հրամանագիրը։
Թանգարանը նաև մշտական ցուցադրություն ունի, որն արդեն գրեթե վերականգնվել է։ 90-ականներին թանգարանի պահոցը չէր ջեռուցվում, այդ պատճառով նկարների մի մասը վնասվել էր։ Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո), ինչպես նաև այլ դոնորների աջակցությամբ թանգարանը վերականգնվել է և հարմարեցվել հաշմանդամների կարիքներին։
Ցուցահանդեսի համար թանգարանն արժեքավոր նվեր է ստացել Արցախից` Համաշխարհային առաջին պատերազմի տարիների հրացան, ինչպես նաև այդ թվականների մի քանի դաշույն։
Այստեղ նաև հարյուր տարվա վաղեմության կտավներ կան, որոնց հեղինակը սպա Պոլտորոցկին է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է Կովկասյան ճակատում, իսկ 1915 թվականին ստեղծել է «Էնվեր փաշայի զորքերի ջախջախումը Կարսի մոտ» կտավը։ Այն ևս վերականգնվում է։
Քանդակագործ Միսակ Մելքոնյանն էլ մարշալ Բաղրամյանի կիսանդրին է փոխանցել թանգարանին։ Հենց այս` գիպսից կերտած աշխատանքից է հետագայում ստեղծվել ձևանմուշը, որում ավելի ուշ բրոնզե կիսանդրիներ են ձուլվել. մեկը պահվում է Մոսկվայի Հաղթանակի թանգարանում, մյուսը` ՌԴ ԳՇ ակադեմիայում, մյուս մարշալների կողքին, երրորդը` Երևանում, նրա անունը կրող զորավարժարանում։
Փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։