Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահների հետ. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին
Արցախը շարունակում է ինքնորոշման իրավունքի իրացման պայքարը և խաղաղապահների թվաքանակի ավելացում է ակնկալում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Այս հայտարարությունն արել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, որն այսօր ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին:

«Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Հարությունյանը:

Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:
Հարությունյանը՝ ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:
«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է նա` մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: