Ամասիայի անկոչ հյուրը. գարունը բացվել է, արջերն ակտիվացել են

Արջ
Մինչ համապատասխան կառույցները քննարկում են հարցը, ծուռթաթից տուժած տնտեսությունների թիվն ավելանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik, Ամենուհի Մխոյան. Արդեն երկու ամիս է` Շիրակի մարզի Ամասիա համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներն անսպասելի հյուր են ունենում՝ արջն է այցելում մեղվապահներին, մեկ առ մեկ համտեսում մեղրը, շրջում փեթակները, կոտրում մեղվաթերթիկները, ոչնչացնում մեղվաընտանիքները՝ մեծ վնաս հասցնելով տնտեսություններին:
Շրջված փեթակներ
Կարմիր գրքում գրանցված Կովկասյան գորշ արջի դեմ ամասիացիները ոչ մի քայլ չեն կարող ձեռնարկել։ Դիմել են տարբեր կառույցների ու նախարարությունների, որպեսզի արջին վնասազերծելով այլ վայր տեղափոխեն։ Պատասխանել են, որ քննարկում են այդ հարցը։ Իսկ բնակիչները արդեն ոչ միայն իրենց տնտեսությունների համար են զգուշանում, այլև երեխաների:
Արջի հետքերը
Ամասիացներն ասում են, որ այս տարածքում առաջին անգամ են արջ տեսնում։ Ենթադրում են, որ ծուռթաթը քոթոթներին էլ է իր հետ բերում։
Արջն արդեն մի քանի անգամ է «հյուր» գնացել Մերուժան Ավագյանի մեղվափեթակներին: Նրանց տունն ամենամոտն է Ախուրյանի կիրճին, ու արջն առաջինը նրանց է հյուր գնում, հետո՝ մյուս մեղվապահներին:

«Ընդհանուր 7 փեթակ են վնասել, բայց կարծում եմ` էլի կարող են գալ։ Իրենց ձեռք չենք տալիս, գալիս են, սև գործն անում ու գնում: Ենթադրենք` եկան, էլ մեր բակում կեր չճարեցին, կգնան ուրիշ մեղվապահի մոտ, ո՞վ է մեր վնասը հատուցելու»,- Sputnik Արմենիային ասաց Մերուժան Ավագյանը:

Արջն իր քաղցը հագեցնելու համար հիմնականում գիշերն է այցելում մեղապահներին, անցնում է ցանկապատի վրայով ու իր գործն անում։ Հենց այդպես էլ վնասել է Արտյոմ Դավթյանի 10 փեթակներից 9-ը՝ ընտանիքին զրկելով հիմնական եկամտից:

«Ապրուստս ոչնչացրեց, գնաց, ու մինչ նախարարությունում քննարկում են` ինչ պետք է անեն, արջը նոր տնտեսություններ է վնասում: Մեզ ասել են, որ Կարմիր գրքում է գրանցված, ձեռք տալ չի կարելի, բայց էդ օրենք գրողը մտածո՞ւմ էր` մեր վնասն ինչպես պետք է փոխհատուցվի»,- ասում է Արտյոմն ու ավելացնում, որ արջին երբեմն նաև ցերեկն են նկատել, ու ոչ մեկն ապահովագրված չէ կենդանու հետ դեմ առ դեմ հանդիպումից:

Արջից տուժած բնակիչներն անհանգստացած են՝ ուտելու բան չգտնելու դեպքում արջը կանցնի նոր վնասների։
«Քորվող արջը». Խոսրովի անտառի տեսախցիկի «թակարդում» արջ է հայտնվել
«Արջը պաշտպանված է, իսկ մե՞նք: Կարող է` վաղն էլ գոմերը մտնի կամ էլ մարդկանց վրա հարձակվի։ Մենք ի՞նչ պետք է անենք»,- ասում են նրանք:
Արջի քաջագործություններից տուժած բնակիչները հիմա իրենց վնասն են հաշվում՝ չհասցնելով հանրագումարի բերել այն, իսկ արջը նոր փեթակներ է ոչնչացնում։
Կապանի անտառտնտեսությունում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ