Զելենսկին Բայդենին խնդրել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչություն հովանավորող երկիր

ԱՄՆ-ի առաջնորդը ոչ մի կոնկրետ խոստում չի տվել, սակայն վստահեցրել է, որ մտադիր է դիտարկել մի շարք առաջարկություններ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, որպեսզի ԱՄՆ-ն Ռուսաստանը ճանաչի որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ այդ մասին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել Washington Post պարբերականին։
Թերթն ընդգծում է, որ սա Միացյալ Նահանգների զինանոցում առկա ամենահզոր և արմատական պատժամիջոցներից մեկն է:

Նշվում է, որ կոչը հնչել է Բայդենի հետ Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ, սակայն ԱՄՆ-ի առաջնորդը ոչ մի կոնկրետ խոստում չի տվել:

Միաժամանակ, Բայդենը վստահեցրել է, որ մտադիր է դիտարկել մի շարք առաջարկություններ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են։