Վարպետն ու Մուգուշը. Արշիլ Գորկու ողբերգական ճակատագիրն ու ճակատագրական մուսան

Արշիլ Գորկի
Արշիլ Գորկու ծննդյան օրը Sputnik Արմենիան պատմում է ոչ միայն աբստրակտ էքսպրեսիոնիզմի նյույորքյան դպրոցի կենտրոնական կերպարներից մեկը համարվող նկարչի յուրօրինակ ճակատագրի, այլև կանանց հետ նրա փոխհարաբերությունների մասին։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Արշիլ Գորկու (իսկական անունը՝ Ոստանիկ Մանուկ Ադոյան) մասին պատմելիս` մի շարք աղբյուրներ նրա երկրորդ կնոջը՝ Ագնես Մագրուդերին են հիշատակում այն տհաճությունների համատեքստում, որոնց բախվել է նկարիչը կյանքի վերջին տարիներին։
Իսկապես, արվեստանոցում բռնկված հրդեհից, քաղցկեղից, վթարից հետո, որի հետևանքով նկարչի աջ ձեռքն անզգայացել էր, սիրելի կնոջ դավաճանությունն ու հեռանալը (թեկուզև ժամանակավոր), այն էլ՝ երկու փոքրիկ դուստրերի հետ, հնարավոր է` իրենց դերն են խաղացել ինքնասպանության հարցում։ Բայց մի՞թե միայն այդ արարքով է չափվում Ագնեսի (որին Գորկին քնքշորեն «Մուգուշ» էր անվանում) վերաբերմունքը մեծ նկարչին։
«Ես միշտ զգում եմ մենակությունս․․․»
Վանա լճի մոտ գտնվող Խորգոմ գյուղում ծնված նկարչի կյանքը լի է սարսափներով ու ողբերգություններով։
Տղան, որին վիճակված էր դառնալ 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկյան նկարիչներից մեկը, 10-11 տարեկան հասակում տեսել է Հայոց ցեղասպանության դաժան ջարդերը։
Թեև նրան հաջողվել է փրկվել մոր և երեք քույրերի հետ, սակայն մի քանի տարի անց՝ 1919թ․-ին, Երևանում նրա ձեռքերի մեջ քաղցից ու զրկանքներից մահացել է մայրը, որի հետ շատ կապված էր․․․
Արյունահեղ իրադարձությունները, հայրենիքի կորուստն ու այդ հայրենիքի հանդեպ անսահման կարոտը, ինչպես նաև սիրելի մոր մահը հավերժական վերք են դարձել Գորկու հոգում, և նա Ամերիկայից գրել է քրոջը․

«Սիրելի՛ Վարդուշ, երբ գրում ես, թե որքան միայնակ ես, սիրտս ցավով է լցվում․․․ Ես նույնպես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ երբ բարեկամների ու ընկերների շրջապատում եմ, նույնիսկ հազար մարդու շրջապատում ես շարունակ մենակ եմ․․․»։

Եվս մեկ հատված քրոջն ուղղված նամակից․ «Նկարների այն շարքը, որի մասին խոսում էի, պատկերում է Հայաստանում Խորգոմի մեր պարտեզները: Ես դրանք անվանել եմ «Պարտեզ Սոչիում», թեպետ իրականում պետք է անվանեի «Պարտեզ Խորգոմում»։ Կարծում եմ, որ այդպես էլ կանեմ: Որովհետև դա այդպես էլ կա: Ավա՜ղ, ամերիկացիները ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, և ինձ ասել են, որ նրանք գերադասում են առավել «հայտնի» վայրերի անունները: Կարծում եմ, որ դա սխալ է, և դեռ կանդրադառնամ դրան: Սակայն վերնագրերն այնքան էլ կարևոր չեն: Կարևորը Հայաստանի ոգեշնչումն է, որն առաջնորդում է իմ նկարչությունը․․․»։
Արշիլ Գորկի
«Օտար» կինն ու Ագնեսի հետ հանդիպումը
Պատերազմի առաջին տարում Արշիլ Գորկին ծայրահեղ աղքատ էր։ Շատ էր աշխատում, բայց գնորդ չկար։
«Վարդո՛ւշ, թանկագի՛նս, կյանքն անտանելի է դառնում։ Այնպես եմ ուզում, որ այս անգամ գոնե մի բան ստացվի։ Բայց ինձ համար մի՛ անհանգստացիր, սա ինձ համար նորություն չէ»։
Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպում է Ագնես Մագրուդերին։ Գորկին դրանից առաջ արդեն մի անգամ ամուսնացած էր եղել Մարնի Ջորջի հետ, որը Նյու Յորք էր եկել գեղանկարչություն սովորելու։ Սակայն նրանց ամուսնությունը կարճ էր տևել։

Մարնի Ջորջի հուշերից․ «Սկզբից ևեթ ինչ-որ «հափշտակված» էի նրանով: Բայց նաև ինչ-որ բան վանում էր ինձ նրանից: Կրքոտ զգացմունքները համակում էին ինձ: Ես ցանկանում էի բուֆերային կամուրջ դառնալ այդ տարօրինակ, միայնակ մարդու և անտարբեր, նյութապաշտ մեր աշխարհի միջև․․․ Իմ ամբողջ կյանքում ես խրված էի դատարկ սովորույթների և մակերեսային գաղափարների հորձանուտում... Իսկ Արշիլը՝ տեսնելով այդ ամենը, ցանկանում էր վերաձևավորել ինձ և ինձնից կերտել այն կնոջը, որին ինքն էր ուզում տեսնել որպես իր կին: Մեր ամուսնության ամենաառաջին րոպեից սկսվեց «պատերազմը»: Արշիլը փորձեց փշրել պատնեշները, նախ` քնքշությամբ, հետո՝ բռնությամբ: Բայց պատնեշները գնալով ավելացան... Մենք նույն ուժգնությամբ և՛ սիրում էինք միմյանց, և՛ ատում: Երկուսիս համար էլ դրությունը ողբերգական էր։ Մի օր էլ նա չդիմացավ, իմ ամբողջ ունեցվածքը ճամպրուկը խցկեց, հանեց դուրս, նետեց մայթին ու վերադարձավ արվեստանոց՝ միայնակ սովելու․․․»

Մարնիից հետո նա տարվում է նկարչուհի Միշել Ուեսթով։ Նրանց սերը ծնվել էր արվեստի հանդեպ ընդհանուր սիրուց։ Բայց սիրահարները տարբեր քաղաքներում էին ապրում, և մտերմությունը երկար չտևեց։
Մեծ ցավ՝ երկնային լույսի տակ․ շվեյցարական թերթը՝ Գորկու հայտնաբերված նկարի մասին
Եվ ահա Գորկին հանդիպեց Ագնես Մագրուդերին։ Ծովակալի դուստրը աչքի էր ընկնում ոչ միայն ազնվական կեցվածքով և տպավորիչ գեղեցկությամբ, այլև խելքով և հիանալի ճաշակով։ Ագնեսը կրթված էր, մի քանի լեզու գիտեր։
Հանդիպման պահին ընդամենը 19 տարեկան էր, բայց նույնիսկ 20 տարվա տարիքային տարբերությունը չխանգարեց նրանց երջանկությանը։
«Ագնե՛ս, սիրում եմ քեզ․․․ Օրհնում եմ այն օրը, երբ հանդիպեցի քեզ․․․ Ես աշխատում եմ քո շնորհիվ։ Բարի գիշեր, մտածիր մեր հանդիպման մասին․․․ Աղոթիր Աստծուն մեր հանդիպման համար, Ագնես․․․»,- գրում էր նկարիչը։
Նա սիրում էր և նույն պատասխանն էր ստանում։ 1941 թվականին նրանք ամուսնացան։
Չնայած աղքատությանը` Գորկին վերջապես երջանիկ էր։ Ագնեսը նրա համար դարձավ թե՛ հոգատար ընկեր, թե՛ մենեջեր, թե՛ լավ կին։ Նա ուզում էր, որ կինն իր մանկության կերակուրները պատրաստի, և Ագնեսը պատրաստում էր։ Ավելին՝ իր հմայքով և համեղ ընթրիքներով Ագնեսը գրավում էր նաև թանգարանների համադրողներին, արտ-դիլերներին և արվեստի գործիչներին։
Անձնական կյանքի երջանկությունը առատ աղբյուր դարձավ ստեղծագործության համար։ Գորկու վրձնից սկսեցին գլուխգործոցներ ծորալ։
Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անվանեց ու հեռացավ․ Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել
Նա շատ էր անհանգստանում, որ կարող են իր աշխատանքներում այլ նկարիչների ազդեցության հետքեր տեսնել։ Բայց Մուգուշը հանգստացնում էր նրան․ նրա կարծիքով՝ ամուսինը զերծ էր ազդեցություններից։
Ամառվա ընթացքում Գորկին մոտ հարյուր էսքիզ ստեղծեց գունավոր մոմամատիտներով։ Այդ աշխատանքներում վերջնականապես հստակեցվեց նրա սեփական ոճը։
«Աշխատանքի ընթացքում հաճախ ինքս ինձ հեքիաթ եմ պատմում, որը կտավի հետ ոչ մի կապ չունի։ Մայրս ինձ բազմաթիվ պատմություններ էր պատմում։ Ես գլուխս դնում էի նրա ծնկներին և դեմքս թաղում մորս ասեղնագործ գոգնոցի մեջ։ Նրա պատմություններն ինձ համար միահյուսվում էին ասեղնագործ գոգնոցի նախշերի հետ»,- գրում է նա նամակներից մեկում։
1944 թվականին Գորկին ավարտում է «Ինչպես է մորս գոգնոցը բացվում իմ կյանքում», «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», «Լյարդն է աքաղաղի կատարը» կտավները, իսկ 1947-ին ծնվում է «Ծիրանների բույրը» ստեղծագործությունը։
Ֆրանսիացի սյուրռեալիստ Անդրե Բրետոնը Արշիլ Գորկուն ամենայուրահատուկ ամերիկացի նկարիչն էր համարում։
1967թ․-ի ֆրանսիական մամուլից․ «Գորկին միակն է, որ կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»։
Անհնար է ասել, թե ինչ տեղ կզբաղեցներ այսօր Արշիլ Գորկին ամերիկյան գեղանկարչության մեջ, եթե չլինեին նրա կյանքի վերջին 6-7 տարիները։
Արշիլ Գորկու ստեղծագործություններից
«Մնաք բարով, սիրելիներս»
Դժբախտությունները, որոնց բախվեց նկարիչն իր կյանքի վերջին տարիներին, խորացրին հոգեկան տառապանքները, կորսված հայրենիքի ու մոր հանդեպ կարոտը․ Գորկին դեպրեսիայի մեջ հայտնվեց։ Նրան այդ վիճակից դուրս բերելու՝ Մուգուշի բոլոր ջանքերը փշուր-փշուր եղան։
Ինչ-որ պահի այլևս չդիմանալով` Ագնեսը հեռացավ Ռոբերտ Մատտայի մոտ, որը հաճախ էր հյուր գալիս նրանց և անտարբեր չէր կնոջ հանդեպ։ Հռչակավոր սյուրռեալիստի հետ մի քանի օր անցկացնելուց հետո Մուգուշը տուն վերադարձավ։
Գորկին գիտեր դավաճանության մասին, բայց ոչինչ չասաց։ Սակայն, ինչպես մի անգամ Ագնեսն է պատմել, «վթարից հետո ամեն ինչ փլվեց»։ Մի գիշեր Գորկին զայրույթի նոպայի մեջ սկսեց ջարդուփշուր անել տան կահույքը և ոչնչացրեց բոլոր նկարները, որոնք նվիրել էր Մատտան։ Մուգուշը փորձեց հանգստացնել նրան, բայց Գորկին հրեց, և կինն ընկավ աստիճանից։
«Վոգ» ամսագրում 2009 թվականին հրապարակված հոդվածի համաձայն` Գորկու բժշկին անհանգստացնում էր նրա վիճակը։ Նա Մուգուշին խորհուրդ տվեց վերցնել երեխաներին և ժամանակավորապես տեղափոխվել ծնողների մոտ․․․․
1948 թվականի հուլիսի 21-ին նկարիչը զանգեց կնոջը և ասաց, որ պատրաստվում է կյանքին վերջ տալ` «ազատեմ թե՛ ինձ, թե՛ քեզ»։ Ագնեսն ասաց, որ տուն կվերադառնա։ Բայց արդեն ուշ էր։
Արկղի վրա, որը Գորկին ոտքով հրել էր կախվելիս, նա կավիճով գրել էր․ «Մնաք բարով, սիրելինե՛րս»։ Մարոն այդ ժամանակ հինգ տարեկան էր, Նատաշան՝ երեք...
2012թ․-ին «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվեց «Առանց Գորկու» (Without Gorky) կենսագրական ֆիլմը։
Ֆիլմի ռեժիսորը Արշիլ Գորկու թոռնուհին է՝ Քոսիմա Սփենդերը։ Ֆիլմում նա փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել իր պապի հետ կյանքի վերջին յոթ տարիների ընթացքում։ Քոսիմայի խոսքով՝ ժապավենի գլխավոր հերոսուհին իր տատիկն է, որը մինչև վերջ նկարչի կողքին է եղել։
«Տատիկն օգնել է նրան տուն ձեռք բերել՝ մի հասկացություն, որը կորսված էր պապիս համար։ Տատիս հետ նա գտել էր իր երջանկությունը և սկսել էր նկարել այն թեթև լիրիկական ժանրում, որի շնորհիվ հայտնի դարձավ»,- ասել է Քոսիմա Սփենդերը ասուլիսի ժամանակ։
Ֆիլմում արխիվային լուսանկարների և գեղարվեստական աշխատանքների միջոցով բացահայտվում է Գորկու պատմությունը, հեղինակը վերլուծում է նրա ինքնասպանության հետևանքները։
Վերջաբան
Վիլլեմ դը Կունինգը՝ Արշիլ Գորկու մասին․ «․․․ Նա հոյակապ աչք ուներ։ Նա հայ էր և արտասովոր գեղարվեստական ինտուիցիա ուներ։ Սեփական դեմքն ուներ, սեփական կոլորիտը, սեփական զգացողությունը։ Նա զգում էր ամենը, ինչ վերաբերում է բնությանն ու գեղանկարչությանը․․․ Նա ինքն էր իրեն ստեղծել։ Կյանքը ծանր էր, բայց Գորկին միշտ վեր էր դրանից։ Նա գերբնական հոտառությամբ էր օժտված, ճիշտ տեսնելու անհավանական ունակությամբ։ Նա գոյություն է ունեցել ավելի շուտ, քան կսկսեին ժամանակակից արվեստի մասին գրքեր գրել։ Ինչպես Ջոն Գրեհեմն էր ասում, Գորկու «անեծքը» մեծ ճաշակն էր, և դա ավելի քան ճիշտ է։ Իսկ ես կասեմ, որ նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ․․․ Օրհնյալ լինի նրա հոգին․․․»։