ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ուկրաինան ծրագրում է Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի երկաթուղային կայարանում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռով հարված հասցնել փախստականներին` հետագայում Ռուսաստանին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Առկա հավաստի տեղեկության համաձայն` կիևյան ռեժիմը Կրամատորսկում հերթական սարսափելի սադրանքն է նախապատրաստում` ՌԴ զինծառայողներին, այսպես կոչված՝ խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացմամբ ռազմական հանցագործություններում մեղադրելու համար։ Այդ նպատակով առաջիկայում Ուկրաինայի ԶՈւ 19-րդ առանձին հրթիռային բրիգադի դիվիզիոնը «Տոչկա-Ու»-ով հարված կհասցնի Լոզովայա բնակավայրի երկաթուղային կայարանում կուտակված փախստականներին»,- ասել է Միզինցևը։
Գեներալի խոսքով` ՌԴ ԶՈւ-ի և ԴԺՀ-ի խմբավորումների ենթակայության տակ գտնվող տարածքից հարվածը ներկայացնելու համար հրթիռի արձակումն իրականացվելու է Ստարոմիխայլովկա բնակավայրի կողմից։
«Ուկրաինայի իշխանությունների նման գործողություններն ու սադրանքները հերթական անգամ ցույց են տալիս նրանց անմարդկային վերաբերմունքը Ուկրաինայի խաղաղ բնակիչների ճակատագրի նկատմամբ և վկայում բարոյականության և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի անտեսման մասին»,- ընդգծել է Միզինցևը։
Նա հավելել է, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները կիրառվում են միայն ուկրաինական ԶՈւ-ի կողմից։
Միզինցևն ընդգծում է, որ վերոնշյալը հաշվի առնելով` ՌԴ-ն նախապես նախազգուշացնում է ԱՄՆ-ի գլխավորությամբ «այսպես կոչված՝ քաղաքակիրթ Արևմուտքի» երկրներին, որ օպերատիվ ապացուցչական բազա ունի կիևյան ռեժիմի կողմից հերթական սարսափելի հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են։