Ուկրաինային զենք մատակարարելու փաստով ՌԴ-ն բողոքի նոտա է հղել բոլոր երկրներին. Զախարովա

Washington Post-ում հրապարակումներ էին հայտնվել, որտեղ ասվում էր, թե ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար: Զախարովան անդրադարձել է այս լուրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է, որ ռուսական կողմը բողոքի նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ուկրաինային զենք մատակարարելու փաստով:
Ավելի վաղ Washington Post-ում հրապարակումներ էին հայտնվել, որտեղ ասվում էր, որ ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար:
Արձագանքելով այն մեկնաբանելու խնդրանքին՝ Մարիա Զախարովան պատասխանել է. «Այո՛, ուղարկել են»։
Պատասխանելով ճշտող հարցին, թե որ երկրներին է այն հղվել` Զախարովան նշել է` բոլոր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են։