«2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի և իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական և բարոյական սնանկությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ և առ ոչինչ է։ Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների և շահերի»,- ասված է հայտարարության տեքստում։