ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 750 192 000 դրամ։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարության առաջարկով։
Նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ գումարը նախատեսված է ռինգեր, տանձիկներ, ձեռնոցներ ձեռք բերելու, տեղափոխելու ու մաքսազերծելու համար։
Բացի այդ, հիշյալ ընկերությունը նաև բրենդավորման ու գովազդային ծախսեր է իրականացնելու նշված գումարի շրջանակում։
Իսկ թե ինչու է որոշվել գնումն իրականացնել մեկ ընկերությունից` առանց գնման մրցույթ անցկացնելու, Դումանյանը բացատրեց ժամանակի սղությամբ։
«Առաջնության նախապատրաստման և անցկացման համար մնացած սեղմ ժամանակահատվածում միջոցառումը ժամանակին կազմակերպելու և չձախողելու համար, նաև հիմք ընդունելով միջոցառման վրա տարվող աշխատանքների ծավալը՝ անհրաժեշտություն է առաջացել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին կազմակերպել և իրականացնել միջոցառումը»,- ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ թեև ընտրվել է մեկից գնելու տարբերակը, բայց ընկերությանը վճարվող գինը համեմատվել է շուկայի այլ գնային առաջարկների հետ։
«Ես տեղյակ եմ, որ իրականացվել է գնային հարցում 6 ընկերությունից, որոնցից 3-ը դիմել են հանձնաժողովին իրենց առաջարկներով, ու քննարկման արդյունքում ընտրվել է իրականացնողը»,- ասաց Փաշինյանը։
Դումանյանը նաև հայտնեց, որ առաջիկայում կառավարությանը ևս մեկ որոշման նախագիծ կներկայացվի մրցաշարի մասնակիցների ժամանման, կացության հետ կապված ծախսերի վերաբերյալ։
Նշենք, որ ըստ կառավարության` առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների ու նրանց ուղեկցող անձնակազմերի և պատվիրակների մասնակցություն` ընդհանուր 350 մարդ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում գումար էր հատկացրել նաև մարզահամերգային համալիրին շենքային պայմանների բարելավման համար. առաջնությունը ՄՀՀ-ում է անցկացվելու։