Միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մարտահրավերները. Հարությունյանը` կամավորներին

Արցախի նախագահը կամավորականների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները: Հարությունյանը նման կարծիք է հայտնել կամավորների հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ Հարությունյանն այսօր ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել:
Հարությունյանն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով դա իրականացնելու հանգամանքը։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու առաջիկա անելիքներին։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։