Մենք պետք է շփվենք մեր հարևանների հետ. ԿԳՄՍ նախարար

Նախարարը հորդորեց այլ միտում այդ որոշման մեջ չփնտրել։ Նրա խոսքով, դա զուտ կրթական և բարիդրացիական շփումների նպատակ է հետապնդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի դպրոցներում հարևան երկրների լեզուների ուսուցման հարցը մնում է ԿԳՄՍ նախարարության օրակարգում։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Վահրամ Դումանյանը։

«Ընդհանրապես այսպիսի սկզբունք կա` հարևան երկրների և՛ լեզվին, և՛ մշակույթին մենք պետք է ծանոթ լինենք»,- ասաց նա` հավելելով, որ վրացերենի ուսուցման հարցի վերաբերյալ արդեն հստակ մոտեցում կա։

Նախարարը հորդորեց այլ միտում այդ որոշման մեջ չփնտրել։ Նրա խոսքով, դա զուտ կրթական և բարիդրացիական շփումների նպատակ է հետապնդում։
«Մենք ուզում ենք նաև ամառային դպրոցներ լինեն, որ մեր դպրոցահասակ տարիքի երեխաները, երիտասարդները շփվեն իրենց հասակակիցների հետ։ Մենք պետք է շփվենք մեր հարեևանների հետ։ Իզոլյացիան մեզ որևէ լավ բանի չի բերի»,- ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «Կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։