Կառավարությունը դեմ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելուն

Գործադիրն առաջարկում է զերծ մնալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացրած օրենքի նախագծի ընդունումից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը դեմ է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելու՝ ընդդիմության առաջարկին։
Գործադիրի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի այս առաջարկին բացասական եզրակացություն է տրվել։
Ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և տեսակի զենք:
Մինչդեռ կառավարությունը հիշեցրել է, որ «Զենքի մասին» գործող օրենքով նախատեսված են քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար զենք ձեռք բերելու իրավունքի հետ կապված կարգավորումները, ուստի նոր կարգավորումների անհրաժեշտությունը հիմնավորված չէ:
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» օրենքի նախագծով Վահե Հակոբյանը նաև առաջարկում է սահմանային գոտու բնակավայրերի բնակիչների համար սահմանել արտոնություններ և օժանդակություն՝ վարկերի սուբսիդավորման, մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրում: Որպես հիմնավորում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Սյունիքի մարզում սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում սահմանամերձ տարածաշրջաններում առաջացել են հիմնախնդիրներ։
Ի պատասխան կառավարությունը հիշեցնում է, որ «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառմամբ նախատեսվել է հատկացնել 1,155,2 մլն դրամ՝ սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի ընտանիքներին։
Այս հիմնավորումներով գործադիրը որոշել է, որ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին արտոնությունների և օժանդակության տրամադրման վերաբերյալ նոր իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա։