ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին, որի պատվին անվանակոչված է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը, շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում, տեղեկանում ենք ԵՊՀ կայքից։
«Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարևորությունը, և այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն անդրադարձել է Մենդելեևի աղյուսակում իր ղեկավարությամբ հայտնաբերված 112-118-րդ տարրերի անվանակոչմանը՝ նշելով, որ 118-րդ տարրը սկզբնապես ցանկացել է անվանակոչել «Armenia», սակայն հնարավոր չի եղել, քանի որ Ar քիմիական տարրը արդեն կար աղյուսակում:
Այսօր նաև ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև եռակողմ համաձայնագիր է կնքվել, համաձայն որի` ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն։
Հիշեցնենք, որ 2019-ին Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար:
Հավելենք, որ 2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «Մոսկովիում»(Mc) ու «Օգանեսոն» (Og) անունները` Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: