Հրապարակվել են Արցախում ռազմական դրության ժամանակ տեղեկության տարածման կանոնները

Արցախի նախագահի նստավայրը. Արխիվային լուսանկար
Ըստ Արայիկ Հարությունյանի հրամանագրի` արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները։
Հրամանագրում 7 կետ կա.
1.
Ռազմական բնույթի, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի, Արցախի սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվությունների և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումներն իրականացնել բացառապես պաշտոնական տեղեկատվության հղումով` առանց խմբագրման։
2.
Պաշտոնական հայտարարություններով կարող են հանդես գալ Արցախի նախագահը, երկրի համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի նախագահի հանձնարարությամբ:
3.
Արգելվում է հրապարակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները կեղծված կամ հերքող հաղորդումներ։
4.
Հաղորդումները հրապարակվում են Արցախի նախագահի մամուլի քարտուղարի կամ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։
5.
Արգելվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը:
6.
Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հաղորդումների վերաբերյալ հայտարարություններ և մեկնաբանություններ անել միայն Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
7.
1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի ոստիկանությունը: Նրանք իրավասու են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք։
Սահմանված կանոնների խախտումը ենթադրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն:
Հիշեցնենք` մարտի 26-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով ռազմական դրության պայմաններում սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները, կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը։
Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։ ԱՀ Ազգային ժողովի համապատասխան որոշումներով այն երկարաձգվել ու գործել է մինչև 2005 թվականը, իսկ 2005 թվականից գործում է անժամկետ։