Հետևում ենք, որ պատժամիջոցների տակ չընկնենք. Քերոբյան

Նախարարը հայտնել է, որ հայաստանյան բանկերը ստիպված են KYC ընթացակարգ կիրառել ոչ ռեզիդենտ դիմումատուների նկատմամբ` երկրորդային պատժամիջոցներից խուսափելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ իշխանություններն ուշադիր հետևում են, որ չհայտնվենք պատժամիջոցների տակ։ РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իրականում մենք շատ ուշադիր հետևում ենք, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ, որովհետև դա որևէ կերպ չի համապատասխանում մեր շահերին։ Մենք ցանկանում ենք աշխատել այնպես, որ խուսափենք դրանից: Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները մեզ հասկացրել են, որ չեն ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի դեմ»,- ասել է Քերոբյանը։

Նա նաև հայտնել է, որ հայաստանյան բանկերը ևս այսօր ստիպված են KYC (ճանաչիր քո հաճախորդին) ընթացակարգը կիրառել ոչ ռեզիդենտ դիմումատուների դեպքում` իրենց նկատմամբ հնարավոր երկրորդային պատժամիջոցներից խուսափելու համար։
Քերոբյանը նաև հայտնել է, որ ՀՀ-ում ռուսական «Միր» քարտն ընդունվում է գրեթե բոլոր վճարային կետերում ու բանկոմատներում։
Ինչո՞ւ ԱՄՆ պատժամիջոցները չկարողացան վնասել ռուբլուն. փորձագետի պատասխանը
Ինչ վերաբրում է ռուսաստանյան ՎՏԲ բանկին, հայաստանյան ՎՏԲ Արմենիա մասնաճյուղին ու բանկին պատկանող Թեղուտի մետաղական հանքավայրին, որոնց նկատմամբ Արևմուտքը սահմանափակումներ է կիառել, Քերոբյանը նշել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են զարգացման մի քանի տարբերակների վրա։

«Դրանց բոլորի մեջ կա մեկ պարտադիր գործոն՝ ընկերությունը պետք է աշխատի։ Մենք հիմա մի իրավիճակում ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ փակ ձեռնարկությունների շքեղությունը։ Ուստի, մենք պատրաստ ենք օգնել բաժնետերերին և հենց ընկերությանը, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսեն իրենց գործունեությունը»,- ասել է Քերոբյանը։

Հնարավոր սցենարներից նախարարը նշել է մեկ այլ բանկի հետ միաձուլվելու, մեկ այլ բաժնետիրոջ կողմից գնվելու կամ բաժնետերերի փոփոխության տարբերակը։ Էկոնոմիկայի նախարարը չի բացառել նաև ԱՄՆ-ի իշխանություններից գործելու թույլտվություն ստանալու տարբերակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են։