ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել խորհրդային հայտնի քանդակագործ Սալավաթ Շչերբակովին, որին ներկայացրել է Քրիստոսի 33-մետրանոց արձանի իր գաղափարը։
«Իմ նպատակն է, որ հուշարձանը լինի լավագույնը աշխարհում և արտացոլի մեր ժողովրդի արժեքները, այն ժողովրդի, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը», - ասել է Ծառուկյանը քանդակագործների հետ հանդիպման ժամանակ:
Շչերբակովին զարմացել է մրցույթի մասնակիցների մեծ թիվը։ Նա պատրաստակամություն է հայտնել ներկայացնել իր տարբերակը։ Քանդակագործի կարծիքով՝ գաղափարը տպավորիչ է, և դրա իրականացման համար պետք է ջանքեր գործադրել։
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց շատ հայ ընկերներ ունեմ։ Այսինքն՝ ես ամեն ինչ գիտեմ ձեր երկրի մասին։ Տպավորությունները աննկարագրելի են», - ասաց նա։
Շչերբակովը Հեյդար Ալիևի (Բաքու, 2005) և Բադեն-Բադենի արքայադուստր Լուիզայի (Բադեն-Բադեն, 2008) արձանների, ինչպես նաև «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի հեղինակն է (Մոսկվա 2010)։ Նա նաև քանդակել է Վլադիմիր Մեծի (Մոսկվա, 2016), Միխայիլ Կալաշնիկովի արձանները (Մոսկվա, 2017) և այլն:
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և նախագծի իրականացման համար մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։