«Կինդեր» շոկոլադը «վերադառնում է». հայտնի են լաբորատոր փորձաքննության արդյունքները

Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով անհամապատասխանություն չի արձանագրվել։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

««Կինդերի» արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նկատի ունենալով եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնի կողմից կասեցվել էր «Կինդեր» ապրանքանիշի որոշ արտադրատեսակների իրացումը։ Այժմ տեսչական մարմինը հայտնում է, որ ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է: