Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է ռուբլով

Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումներն իրականացնում է ռուբլով։ Տեղեկությունը РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Որքան ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով:
«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Ավելի վաղ Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ռուսական գազի համար վճարումներ կատարելիս Հայաստանին ձեռնտու է անցնել ռուբլու:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից ստացվող 1000 խմ գազի դիմաց վճարում է 165 դոլար։ Հավելենք, որ ապրիլի 1-ից ՀՀ–ում գազի գինը բարձրացել է։