ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ զերծ մնալ Թայվանի «անկախությունը» կազմակերպելու փորձերից:
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ու Ցյանի հայտարարության մեջ նշվում է, որ չինական բանակը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ու երկրի գործերին արտաքին միջամտությունը վճռականորեն կանխելու համար:
«Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի վճռականորեն կասեցնի արտաքին միջամտությունը և «Թայվանի անկախությունը» կազմակերպելու փորձերը», - մեջբերվում են Ցյանի խոսքերը WeChat սոցցանցում՝ ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական էջում:
Նաև հայտնի է դարձել, որ ուրբաթ Չինաստանը Թայվանի շրջանում ռազմական ավիացիայի ու նավատորմի զորավարժություններ կանցկացնի: Ռազմական գերատեսչությունում պարզաբանել են, որ զորավարժություններն ուղղված կլինեն Թայվանի հարցով ԱՄՆ-ի «սխալ ազդանշանների» դեմ: