ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 8 ծնողներ 2022թ-ին դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն` արհեստական բեղմնավորման պետական ծրագրից օգտվելու համար։
Նրանցից 3-ը դարձել են ծրագրի շահառու, 5-ի դիմումները քննարկման փուլում են։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշման նախագծում, որով՝ ծրագրի իրականացման համար, ՀՀ այս տարվա բյուջեից առողջապահության նախարարությանն է տրամադրվել 150 մլն դրամ, որը միջոցառման ֆինանսավորման տարեկան արժեքն է։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, ծրագրի շրջանակներում 2021թ-ի 10 ամիսների ընթացքում զոհված զինծառայողների ծնողների ընտանիքներում երկու երեխա էր լույս աշխարհ եկել։ Եվս 27 փոքրիկների ծնունդ սպասվում է այս տարվա ընթացքում։
Ընդհանուր առմամբ, Արցախյան պատերազմում զավակներ կորցրած 200 ընտանիքներ 2022թ-ի հունվարի դրությամբ պետական ծրագրի շրջանակում երեխաներ ունենալու դիմում են ներկայացրել։