Անժամկետ պայքար ենք սկսում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար. 5165 շարժում

Կարին Տոնոյան
Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված ասուլիսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը և Ավետիք Չալաբյանը անժամկետ պայքար են սկսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Նրանք հանդես են եկել համատեղ ուղերձով։
Նշում են, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները վկայում են Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին։
«Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը»,- նշված է տեսաուղերձին կից հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Երեկ Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։