ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին ու Հայաստանին համապարփակ խաղաղության հասնել. Պետդեպ

Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմ համագործակցության, այդ թվում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ադրբեջանին ու Հայաստանին համապարփակ խաղաղության հասնել, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ) միջոցով: Տեղեկությունը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի առաջխաղացման գործին։ Մենք ողջունում ենք <...> ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, այդ թվում՝ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան և սահմանների սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը:
Ինչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. Միրզոյանը մանրամասներ հայտնեց
Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, երկու առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները: Եվ պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համախոհ գործընկերների հետ երկկողմ համագործակցության, այդ թվում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որ օգնի երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնել»,- նշել է դիվանագետը։
Պատասխանելով Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված՝ իրադրության կարգավորման գործում Մոսկվայի դերի մասին հարցին՝ Փրայսն ընդգծել է.
«Ես չեմ կարող խոսել այն մասին, թե դրանում ինչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը: Բայց կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով»,- ավելացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։