ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը։
«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,-ասվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր Մարտակերտի շրջանի Սեյսուլան (Արծվաշեն) բնակավայրի մոտակայքում շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում է խախտումը կատարել:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին էլ ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ են խախտել շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։