ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ:
Ավելին՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն:
«Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի եւ թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»»,- գրում է թերթը:
Ըստ թերթի` նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում:
Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է Կինոյի և թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը: