ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի իրադարձությունները չեն կարող չեզոքացնել Ռուսաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի ու մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։
«Ռուսաստանը չի թողնի այդ հարցը (ղարաբաղյան խնդրի կարգավորումը – խմբ.)։ Պետք չէ մտածել, որ եթե հիմա Ուկրաինայում հատուկ գործողություն է ընթանում, ապա մենք մնացած ամեն ինչ մի կողմ կթողնենք, ամեն ինչի մասին կմոռանանք։ Նման բան չկա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան միայն դրվագ է», – ասել է Միխեևը։
Ուկրաինական իրադարձություններն այժմ ավելի շատ ուշադրություն են գրավում, շեղում են ռեսուրսները, ուժերը։ Բայց, ըստ քաղաքագետի, սա մի հատված է աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի մեծ պատկերում։ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են և՛ Հարավային Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան, և՛ շատ այլ հարցեր։ Ինչպիսին էլ լինի ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, այս բոլոր աշխարհաքաղաքական կետերը հետաքրքիր են Ռուսաստանի համար։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդրի լուծմանը՝ Միխեևը նշեց, որ առաջին հերթին դա կախված է Երևանի ու Բաքվի՝ պայմանավորվածություն ձեռք բերելու ունակությունից։ Ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ այդ գործընթացից, ռուս խաղաղապահները շարունակելու են առանցքային դերակատարություն ունենալ անմիջականորեն «հողի վրա»։ Փորձագետի կարծիքով, չնայած Բրյուսելում վերջերս կայացած խորհրդակցություններին, առանց Ռուսաստանի դժվար է հաջողության հասնել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Պատասխանելով հարցին՝ Միխեևը հավելեց, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում թուրքական ազդեցության ուժեղացումը, ու Մոսկվան ոչ մի պատրանք չունի այդ հարցում:
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ շատ բարդ են եղել։ Այլ բան է, որ հիմա այդ հարաբերություններում շատ հետաքրքիր պահ է։ Թուրքիան չի միացել հակառուսական պատժամիջոցներին, Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարը, որով ռուսական գազ է գնում, հատուկ նշանակություն է ստանում Մոսկվայի համար։ Ընդ որում, չի բացառվում, իհարկե, որ ապագայում հնարավոր են թուրքերի կողմից նենգության ինչ-որ դրսևորումներ լինեն», - ասում է Միխեևը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը բազմիցս կռվել է Թուրքիայի հետ, չի ուզում կրկնել անցյալի իրադարձությունները, բայց ամեն դեպքում նա այդ ամենը մտքում է պահում։ Այս փուլում կողմերին առայժմ հաջողվում է փոխշահավետ փոխգործակցության սխեմա մշակել, ու առայժմ այդ սխեման իրեն արդարացնում է։