ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ստամբուլի Շիշլի թաղամասում գործող հայկական դպրոցի դռան վրա անհայտ անձինք սվաստիկա են նկարել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայում գործող հայկական «Ակոս» պարբերականի թղթակից, գիտնական Օհաննես Քըլըչդաղը։
Քըլըչդաղը նաև բողոքում է՝ Թուրքիայի կրթական համակարգում չեն սովորեցնում այդ սիմվոլի նշանակությունը, լրջությունը, դրա պատմությունը․
«Ասենք Հայոց ցեղասպանությունը «զգայուն» թեմա է, բայց նույնիսկ Հոլոքոստի պատմությունը պատշաճ չի դասավանդվում»,- գրել է նա։
Նշենք, որ այս նույն դպրոցը հակահայկական հարձակման էր ենթարկվել 2016թ.։ Այն ժամանակ դպրոցի պատերին թուրքերեն գրել էին «Պատահական մի գիշեր Ղարաբաղում կլինենք»։ Սա ծագում է «Պատահական մի գիշեր կարող ենք գալ» արտահայտությունից, որը ենթադրում է սպառնալիք։ Այն օգտագործվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպության կողմից՝ որպես հարձակման «նախազգուշացում»։