ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Twitter-ի բաժնետեր, Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալը մերժել է ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի` ընկերության բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու առաջարկը։ Արքայազն այդ առաջարկն իրական արժեքի հետ անհամապատասխան է անվանել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր` ավելի վաղ, Իլոն Մասկը հայտարարել էր, որ առաջարկում է գնել Twitter-ի բաժնետոմսերի 100 տոկոսը մեկ բաժնետոմսի համար 54.20 դոլարով, 54 տոկոս պրեմիայով՝ Twitter-ում ներդրումներ սկսելու նախորդ օրվա համեմատ և 38 տոկոս պրեմիայով՝ իր ներդրման մասին հրապարակային հայտարարությանը նախորդած օրվա համեմատ: Նա շեշտել էր, որ իր առաջարկը լավագույնն է և վերջնական, եթե այն չընդունվի, ինքը ստիպված կլինի վերանայել իր դիրքորոշումը։ Քիչ անց Twitter-ից հայտնեցին, որ կքննարկեն Մասկի առաջարկը։
«Ես չեմ հավատում, որ Իլոն Մասկի առաջարկը համահունչ է Twitter-ի ներկայիս շուկայական արժեքին՝ հաշվի առնելով դրա աճի հեռանկարները: Լինելով Twitter-ի ամենամեծ և ամենաերկարաժամկետ բաժնետերերից մեկը՝ ես մերժում եմ այս առաջարկը», - գրել էր արքայազն իր միկրոբլոգում։
Ավելի ուշ Մասկը հայտարարեց, որ վստահ չէ, թե կարող է գնել Twitter-ը:
Իլոն Մասկը ապրիլի 4-ին հայտարարել էր, որ ունի Twitter-ի 9,2% բաժնետոմս, որից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացան 28%-ով։ Միլիարդատերը նաև կարծիք է հայտնել, որ Twitter-ը պետք է դարձնել ոչ հանրային ընկերություն։