ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսական մարտական ավիացիան մեկ օրում հարվածել և շարքից հանել է ուկրաինական յոթ ռազմական օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է ուկրաինական բանակի ավելի քան 130 ինքնաթիռ։
«Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 131 ինքնաթիռ, 104 ուղղաթիռ, 245 զենիթահրթիռային համակարգ, 448 անօդաչու թռչող սարք, 2188 տանկ և այլ զրահատեխնիկա, 248 բազմակի հրթիռային կայանք, 957 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 2088 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա »,- ասաց նա։
Կոնաշենկովը հավելել է, որ հրթիռային ուժերի և հրետանու կողմից խոցվել է 132 օբյեկտ, այդ թվում՝ ութ հրամանատարական կետ, 110 հենակետ և զինամթերքի պահեստ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։