ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ-ի և Բելառուսի նկատմամբ կիրառված Արևմուտքի պատժամիջոցներն իրենց մասշտաբներով աննախադեպ են ու ազդել են Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների վրա։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը` հավելելով, որ ԵԱՏՄ «հնգյակն» աշխատում է հետևանքների հաղթահարման ուղղությամբ։
«Հնգյակի հիմնական ուշադրությունը կենտոնացած է արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները չեզոքացնելու, ԵԱՏՄ շուկան և՛ արդյունաբերական, և՛ գյուղատնտեսական անհրաժեշտ ապրանքներով ապահովելու վրա: Ներմուծման փոխարինման քաղաքականությունն այս համատեքստում ամենամեծ նշանակությունն ունի»,- ասել է Եվդոկիմովը:
Դիվանագետը նկատել է, որ սահմանափակումները չէին կարող չազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա՝ հաշվի առնելով տնտեսությունների խորը փոխկապակցվածությունը միասնական շուկայում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։